«Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր, երգչուհի և դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) տոնում է ծննդյան 80-ամյակը։ Ռուսական ՌԲԿ պարբերականն իր ծավալուն անդրադարձում ամփոփել է արտիստի յոթ տասնամյակ ձգվող ստեղծագործական ուղին՝ ներկայացնելով, թե ինչպես հայկական արմատներով երգչուհին երաժշտական հեղափոխություն արեց և դարձավ կանանց էմանսիպացիայի համաշխարհային խորհրդանիշ:
Դուետից դեպի մենակատար
Շերը հանրային ճանաչում է ձեռք բերել որպես «Սոննի և Շեր» դուետի մասնակից: Նրա բեմական և կյանքի ընկերն էր երգիչ Սոննի Բոնոն։ Նրանք հանդիպել էին 1962 թվականին՝ Լոս Անջելեսում. Շերը 16 տարեկան էր, Սոննին՝ 27: Նրանց հարաբերությունները վերածվել էին ամուսնության և ստեղծագործական համագործակցության:
Սոննին աշխատում էր պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ, որը ձևավորում էր 1960-ականների փոփ երաժշտության հնչողությունը։ Հենց Սպեկտորն էլ պրոդյուսերավորել է Շերի առաջին մեներգային սինգլը՝ Ringo, I Love You-ն, որը թողարկվել էր Բոննի Ջո Մեյսոն կեղծանվամբ՝ զուտ ամերիկյան անվան հաշվին վաճառքներն ապահովելու նպատակով: Երգը նվիրված էր The Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարին: Այդ շրջանում ռադիոկայանների խմբագիրները հաճախ մերժում էին երգը հեռարձակել՝ Շերի յուրահատուկ խորը կոնտրալտո ձայնը շփոթելով տղամարդու ձայնի հետ:
«Սոննի և Շեր» դուետը հաջողությունների էին հասել 1960-ականների կեսերին։ Նրանց գլխավոր հիթը՝ I Got You Babe-ը, ժամանակին գլխավորել էր բրիտանական հիթ-շքերթները՝ հետ մղելով անգամ The Beatles-ին, և անգլիացի երիտասարդների շրջանում տարածել լայն տաբատների ու մորթե ժիլետների նորաձևությունը:
Երաժշտությունից բացի, զույգն ուներ սեփական էստրադային նախագիծը՝ «Սոննիի և Շերի կատակերգության ժամը»: Շոուի հիմնական առանցքը Շերի սրամիտ ու կտրուկ կատակների և Սոննիի մեղմ կերպարի հակադրությունն էր, թեև կադրից դուրս Սոննին վերահսկում էր ամբողջ գործընթացը: Ամուսնու կողմից չափից ավելի վերահսկողությունն ու անհավատարմությունը հանգեցրել էին ամուսնալուծության և դուետի կազմալուծման, սակայն Շերն արդեն սկսել էր հաջող մենակատարի կարիերա:
Ֆոլկից մինչև դիսկո
1960-ականներից մինչև 1980-ականների սկիզբ Շերի մեներգային ալբոմները թողարկվում էին գրեթե առանց դադարի, երբեմն՝ տարեկան երկու սկավառակ: Նա արագ արձագանքում էր երաժշտական միտումներին. հիպիական փոփ-ֆոլկից անցում սոուլի, ապա սոֆթ-ռոքի: 1970-ականների վերջին նրա ստեղծագործության մեջ հայտնվել էին դիսկո ռիթմերը. 1979 թվականի Take Me Home ալբոմը մեծ հաջողություն էր ունեցել և վերականգնել նրա դիրքերը մի քանի անհաջող թողարկումից հետո:
Շերի մեներգային աշխատանքների բնորոշ գծերից էր քավեր տարբերակների առատությունը. նա վերակատարում էր Բոբ Դիլանի, Փոլ Մաքքարթնիի, The Ronettes-ի, Bee Gees-ի և այլոց ստեղծագործությունները՝ իր ճանաչելի ձայնի շնորհիվ յուրովի ներկայացնելով ցանկացած հեղինակի գործ:
Կինոկարիերա
Շերի մուտքը կինոարդյունաբերություն հեշտ չէր։ 1967-ին Սոննիի հետ նկարահանված «Լավ ժամանակներ» երաժշտական ֆիլմը, ինչպես նաև երկու տարի անց թողարկված «Չեսթիթի» դրաման, որտեղ զույգը սեփական միջոցներից 500 000 դոլար էր ներդրել, տապալվել էին կինովարձույթում: Այդուհանդերձ, քննադատներն արդեն նկատել էին երգչուհու դերասանական պոտենցիալը:
Կինոյում Շերը հաջողության էր հասել 1980-ականներին, երբ դադար էր վերցրել երաժշտության մեջ: Բրոդվեյում հաջող դեբյուտից հետո հաջորդել էին դերերը կինոյում: Փիթեր Բոգդանովիչի «Դիմակ» դրամայում բայկեր մոր դերի համար նա արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին: 1987 թվականին նա միանգամից հայտնվել է երեք խոշոր ֆիլմում՝ «Կասկածյալը», «Իստվիկյան վհուկները» և «Լուսնի իշխանությունը» (Moonstruck): Վերջինիս համար Շերն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար։
Անձնական կյանք և ռոք երաժշտություն
1980-ականների վերջին Շերը հայտնի էր իր էքստրավագանտ ոճով, պլաստիկ վիրահատություններով և իրենից տարիքով կրտսեր տղամարդկանց հետ հարաբերություններով (այդ թվում՝ Վել Քիլմեր, Թոմ Քրուզ, Էրիկ Շտոլց): Այս միտումը պահպանվում է նաև այժմ. նա նշանված է 39-ամյա պրոդյուսեր և ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, և զույգը մտադիր է օրինականացնել հարաբերությունները Շերի 80-ամյակի օրը:
Նույն ժամանակահատվածում Շերը վերակենդանացրել է երաժշտական կարիերան՝ թողարկելով Cher (1987), Heart of Stone (1989) և Love Hurts (1991) ռոք ալբոմների եռերգությունը: Դիսկոյին փոխարինելու են եկել հարվածայիններն ու կիթառային հնչողությունը՝ սոֆթ-ռոքից մինչև հարդ-ռոք և գլեմ-մետալ: Երգերի համահեղինակներից էր Ջոն Բոն Ջովին, իսկ նրա կիթառահար Ռիչի Սամբորայի հետ Շերն ունեցել էր սիրավեպ, որին էլ նվիրել էր Love Hurts ալբոմը:
Վերադարձ էլեկտրոնային երաժշտությանը
1990-ականները երգչուհու համար բարդ էին. քրոնիկ հոգնածության համախտանիշի պատճառով նա հրաժարվում էր կինոյի գլխավոր դերերից և նկարահանվում գովազդներում: It’s a Man’s World ալբոմը ևս սառն էր ընդունվել քննադատների կողմից: 1998 թվականին լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահարից մահացել էր Սոննի Բոնոն։
Նույն տարում թողարկվել էր Believe ալբոմը, որը կտրուկ շրջադարձ էր դեպի փոփ, եվրոդենս և տեխնո: Ալբոմի հիմնական առանձնահատկությունն Auto-Tune տեխնոլոգիայի կիրառումն էր: 1997-ին ստեղծված այս ծրագիրը նախատեսված էր վոկալի թերությունները հարթելու համար, սակայն Շերի երգում այն օգտագործվել էր որպես գեղարվեստական հնարք (ստանալով «Շերի էֆեկտ» անվանումը): Believe-ը գլխավորել է ԱՄՆ հիթ-շքերթները, դարձել տարվա ամենավաճառվող սինգլը և արժանացել «Գրեմմի» մրցանակի՝ հեղափոխություն անելով երաժշտական ինդուստրիայում, ինչը հետագայում փոխել է նաև ռեփ երաժշտության «դեմքը»։
Ոճի պատմություն
21-րդ դարում Շերը շարունակել է ակտիվ գործունեությունը. թողարկել նոր ձայնագրություններ, հանդես եկել «Բուրլեսկ» և Mamma Mia! 2 մյուզիքլներում, զբաղվել հանրային ակտիվությամբ, գրել հուշագրություններ և ընդգրկվել Ռոքնռոլի փառքի սրահում:
Յոթ տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում նա բազմիցս փոխել է ժանրերն ու ոճերը: 2026 թվականի մայիսի սկզբին Շերը ներկայացել էր Met Gala նորաձևության երեկոյին՝ կրելով էքստրավագանտ կաշվե բաճկոն և թափանցիկ տարրերով հանդերձանք։
Այժմ երգչուհին աշխատում է հուշագրությունների երկրորդ մասի վրա, պատրաստվում է ամուսնությանը և ձայնագրում նոր ալբոմ, որը նախատեսում է որպես իր եզրափակիչ երաժշտական հավաքածու։



































