Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ձերբակալման պաշտոնական հիմքերը դեռևս չեն հաղորդվում, սակայն այն տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։
Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հերթական սուր վիճաբանությունն էր տեղի ունեցել Փաշինյանի և Օսիպյանի միջև։ Օսիպյանը ՀՀ կառավարության ղեկավարին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (որն այժմ գտնվում է Բաքվի բանտում-խմբ․) կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած այդ ամենին, աջակցել է նրան։
Փաշինյանը չի համաձայնել հնչեցված մեղադրանքների հետ և մտել է սուր հռետորաբանությամբ ուղեկցվող բանավեճի մեջ։ Նա հրապարակայնորեն հնչեցրել է քաղաքացու անունը և վերջինիս հասցեին օգտագործել «համբալ» որակումը։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։
Ավելի ուշ ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել են, որ Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Թարմացվել է 19։48



































