Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է վերանայել դիվանագետների ռոտացիայի և պաշտոնավարման ժամկետները։
Ըստ նախագծի՝ դեսպանները հնարավորություն կստանան նույն երկրում պաշտոնավարել մինչև 5 տարի, իսկ մեկ այլ պետություն տեղափոխվելու դեպքում ընդհանուր ժամկետը կարող է հասնել մինչև 8 տարվա։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ նոր նախագծով առաջարկվում է բարձրացնել արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը՝ դրանք հավասարեցնելով Երևանում նույն պաշտոնն զբաղեցնող դիվանագետների վարձատրությանը։
«Այսօր Երևանում ծառայող առաջին քարտուղարը կարող է ստանալ 267 000-366 000 դրամ աշխատավարձ, մինչդեռ արտերկրում ծառայող նույն առաջին քարտուղարի աշխատավարձը մոտ 157 0000-178 000 դրամ է, ինչը կտրուկ նվազեցնում է արտերկրում ծառայության գրավչությունը»,- ասել է նա։
Միրզոյանը հայտնել է նաև, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող այն կարգավորումը, ըստ որի՝ արտերկրում ծառայող դիվանագետ ամուսիններից մեկը ստանում է աշխատավարձի միայն 50%-ը։ Նրա խոսքով՝ եթե երկու դիվանագետներն էլ լիարժեք իրականացնում են իրենց ծառայությունը, ապա երկուսն էլ պետք է ստանան ամբողջական աշխատավարձ։
Նա նշել է, որ ստեղծվելու է նաև «դիվանագիտական գրասենյակ» ինստիտուտներ այն երկրներում, որտեղ լիարժեք դեսպանություն բացելն արդյունավետ չի համարվում, սակայն անհրաժեշտ է հայկական դիվանագիտական ներկայություն։ Փոփոխություններով նախատեսվում է վերանայել նաև դիվանագետների ռոտացիայի կարգը․ արտերկրից վերադառնալուց հետո նրանք Երևանում կծառայեն նվազագույնը 18 ամիս՝ նախկին 24 ամսվա փոխարեն։
Ազգային ժողովը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է 65 կողմ, 0 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։
Ավելի ուշ նախագիծը երկրորդ ընթերցման համար քննարկվել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որը դրական եզրակացություն է տվել օրինագծին։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը 63 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով։
Թարմացված է՝ 11.05.2026 | 18։23






































