Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ 2028 թվականին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 10-րդ գագաթնաժողովին։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 4-ին Երևանում մեկնարկած ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube ալիքում։
«Մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկրների միջև խաղաղությունը։ Հույս ունենք, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն անցկացվի այնտեղ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ է մասնակցում երևանյան միջոցառմանը։
Փաշինյանը հայտարարել է, որ սահմանային կայուն իրավիճակով պայմանավորված՝ արդեն երկու տարի է, ինչ փոխհրաձգությունների հետևանքով զոհեր չեն գրանցվել: Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը հիշեցրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում և տրանսպորտային նոր երթուղիների ստեղծում:
Երևանում ընթացող գագաթնաժողովին մասնակցում են Եվրամիության ղեկավար կազմը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Հայաստան են ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որն ստեղծվել է 2022 թվականին՝ Եվրոպական մայրցամաքի երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության համար։






































