Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իրանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահը շեշտել է դիվանագիտական գործընթացը շարունակելու պատրաստակամությունը՝ արդարացի համաձայնության հասնելու նպատակով, որը կապահովի Իսլամական Հանրապետության իրավունքների հարգումը և տարածաշրջանային անվտանգությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ այս գործընթացի իրականացումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի կողմից սադրիչ գործողությունների և հավակնությունների դադարեցման պայմանով։ Իրանի նախագահը նաև վերահաստատել է կառավարության և զինված ուժերի վճռականությունը՝ պաշտպանել երկրի անօտարելի իրավունքները։
Նա նաև անդրադարձել է միջազգային նավագնացությանն սպառնացող վտանգներին՝ կոչ անելով բոլոր երկրներին հստակ դիրքորոշում որդեգրել Վաշինգտոնի կողմից իրականացվող գործողությունների դեմ։ Փեզեշքիանը հավելել է, որ հետևողական կլինեն Իրանի շահերի պաշտպանության հարցում՝ միաժամանակ բաց մնալով երկխոսության համար, եթե կողմերը հրաժարվեն լարվածության սրման քաղաքականությունից։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։




































