Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ կողմերը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը։
Հանդիպումն անցկացվել է երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները սահմանազատման գործընթացի իրավական և տեխնիկական հիմքերի ամրապնդման ուղղությամբ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում։
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան էր ժամանել Հայաստան: Ըստ Flightradar-ի՝ «Ադրբեջանական ավիաուղիների» J26736 օդանավը, որով ժամանել էին ադրբեջանցի պաշտոնյաները, 18:07 մեկնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:
Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախորդ հանդիպումը կայացել էր 2025-ի նոյեմբերին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում։



































