Ռուսաստանի պետական «Չեստնիյ զնակ» պիտակավորման համակարգը կասեցրել է հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը թե՛ առցանց, թե՛ սովորական խանութներում, հայտնել է ՌԲԿ-ն:
Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը կայքին հայտնել է, որ շրջանառության մեջ էր 338 000 շիշ, որոնք այժմ արգելափակված են ստուգման համար։
Կասեցումը պայմանավորված է «Ռոսպոտրեբնադզորի» նամակով, որում գործակալությունը նշել է «անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար»: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են։
Արգելվել են 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները: Յուսուպովի խոսքով՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտ»։
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ ՌԴ-ում «Ջերմուկի» խմբաքանակի վաճառքն արգելելու գրություն չի ստացել։ Գերատեսչությունից նշել են, որ փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը դադարեցնելու մասին ՌԴ կարգավորող մարմնից պաշտոնական որևէ գրություն առայժմ չեն ստացել։
«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- նշել է ՍԱՏՄ-ն։
2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկի» մի քանի խմբաքանակի վաճառքը՝ գործարարի մահվան հաղորդումից հետո։ ՌԴ-ում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։
«Ջերմուկ գրուպը»-ը 2024-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ բացառել էր «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը։ ՀՀ ՍԱՏՄ-ն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել:
2025-ի հունվարին «Կոմերսանտը» գրել էր, որ տուժածի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց էր ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին՝ ՍԱՏՄ-ի փաստաթղթերով ապացուցվել է, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։





































