Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել է կենսաչափական նոր անձնագրերի ձևաչափը, որոնք ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն արդեն 2026 թվականի աշնանը։
Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ցուցադրվել է անձնագրի ցուցադրական նմուշը, որի համաձայն՝ նոր անձնագիրը կլինի կարմիր գույնի։
Էջերի ձևավորման մեջ Արարատ լեռը պատկերված է բացառապես առաջին էջում՝ ՀՀ զինանշանի կազմում։
Մյուս էջերում ներկայացված են Հայաստանի մարզերն ու խորհրդանիշները՝ Արագած լեռը, քարտեզի ուրվագիծը, հայոց այբուբենը, Էրեբունի ամրոցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Գառնու տաճարը։
Ուշագրավ է, որ Խոր Վիրապի պատկերի հետնամասում Արարատ լեռան փոխարեն պատկերված է Արարատյան դաշտավայրը։
Անձնագրում տեղ են գտել նաև Հայկ Նահապետի, Կասկադի պատկերներ, լավաշ թխելու արարողություն և պետական կառավարական շենքեր։ Ներկայացված են նաև Հայաստանի բոլոր մարզերը՝ պատմական և տեսարժան վայրերով։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նոր անձնագիրը թողարկվելու է բրայլյան տարբերակով, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան փոխգործակցել փաստաթղթի հետ:
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը տեղեկացրել է, որ ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Միաժամանակ, քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։
Նրա խոսքով՝ նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերն անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։
Նշենք, որ գործող կապույտ անձնագրերում Արարատ լեռը ոչ միայն զինանշանի վրա է, այլև որպես ՀՀ խորհրդանիշ ներառված է էջերում։ Այդուհանդերձ՝ 2025-ի նոյեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս Արարատ լեռան պատկերը չկա։
Կառավարության այս քաղաքանությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին է։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025-ին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո Արարատ լեռն անցել է Թուրքիայի տիրապետության տակ և Թուրքիայի պաշտոնական մաս է համարվում 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։
Կարդացեք նաև՝
ՀՀ-ում 2027-ից պետք է ներդրվեն անհպում սահմանային անցման ուղիներ․ Փաշինյան
Հայաստանում նույնականացման քարտերը պարտադիր կդառնան 16 տարին լրացած անձանց համար





































