Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 12 մարդ է զոհվել և 49-ը՝ վիրավորվել Հարավային Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով, չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ին՝ ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր, զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2521-ի, իսկ վիրավորների թիվը՝ 7804-ի»,- ասվում է Առողջապահության նախարարության տարածված հայտարարության մեջ։
Գերատեսչությունը կանխատեսում է, որ զոհերի թիվը կավելանա՝ հաշվի առնելով, որ Իսրայելն սկսել է ինտենսիվ ռմբակոծել «Հեզբոլլահ»-ի թիրախներն Արևելյան Լիբանանում։
Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը նոր թափ էր ստացել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մարտի 2-ին «Հեզբոլլահը» կրակ էր բացել Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Թեհրանի, ինչին հետևել էր իսրայելական ուժերի առաջխաղացումը Լիբանանի տարածքում։
Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։





































