Ռուսաստանը մտադիր է օգնել Իրանին, որպեսզի մոտեցնի խաղաղությունը Մերձավոր Արևելքում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը պատմել է, որ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից: Նա Իսլամական Հանրապետության ղեկավարին մաղթել է առողջություն և բարեկեցություն:
Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Թեհրանին աջակցելու համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ դրանք կամրապնդվեն: Դիվանագետը հստակեցրել է, որ Իրանը կշարունակի պայքարել ԱՄՆ-ի դեմ:
«Ամբողջ աշխարհին ապացուցվել է այն փաստը, որ Իրանի ժողովուրդն իր դիմադրությամբ, իր խիզախությամբ կարողացել է դիմակայել ամերիկյան հարձակումներին, ամերիկյան ագրեսիային և կկարողանա դիմակայել ու դիմանալ այդ ժամանակահատվածին», - պարզաբանել է նա:
Մինչ բանակցությունների մեկնարկը՝ նախարարը հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու համար ջանքերի համակարգումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Իրանական պատվիրակության կազմում, Արաղչիից բացի, ընդգրկվել են նաև նրա տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին և Մոսկվայում դեսպան Քազեմ Ջալալին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։



























