Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 22 աջակիցների տներում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշվում է, որ նրանք հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ՝ վկայի կարգավիճակով, ապա դուրս եկել այնտեղից: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձերբակալվածներ չկան:
Բերման ենթարկվածների թվում է Գյուլագարակի նախկին գյուղապետ Մհեր Գևորգյանը, ում որդին Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում է։ Խուզարկություններ են իրականացվել նաև «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակում ընդգրկված Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանում:
Ըստ կայքի՝ Այվազյանի տնից խուզարկությունների ընթացքում առգրավել են կնոջ և մոր անձնական հեռախոսները, երկու համակարգիչ, նշումներ պարունակող այլ իրեր:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:
Դատարանը մերժել էր «Ուժեղ Հայաստանի» աջակիցներ «Տաշիր պիցցա» պիցցերիայի ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու կիրառելու միջնորդությունները։ Նրանք բերման էին ենթարկվել ապրիլի 17-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտից, ուր քաղաքացիները հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։ Այդ օրը նրա տնային կալանքի հարցն էր քննվում, որն ավելի ուշ 3 ամսով երկարաձգվել էր։






































