ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջանում գրավել է իրանական նավ, ինչից հետո Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է «զինված ծովահենության» մեջ և խոստացել պատասխանել, հաղորդում է Al Jazeera-ն։
Խոսքն իրանական դրոշի ներքո գործող տանկերի մասին է, որը գրավվել է նեղուցի մերձակայքում։ Իրանի զինված ուժերում հայտարարել են, որ ԱՄՆ գործողությունները, այդ թվում՝ նավ բարձրանալը, հրադադարի խախտում է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, նշել է, որ նավը փորձել է խախտել Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։ Նրա խոսքով՝ ամերիկյան ուժերը կանգնեցրել են այն՝ «շարժիչային բաժնում անցք բացելով»։ Թրամփը հավելել է, որ ծովային հետևակայիններն «ամբողջությամբ վերահսկում են նավը և ստուգում դրա բովանդակությունը»։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է գործողության տեսանյութը․ կադրերում երևում է, թե ինչպես են ծովային հետևակայինները USS Tripoli դեսանտային նավից իջնում պարաններով և բարձրանում Touska բեռնատար նավի վրա Հորմուզի նեղուցի շրջանում։
Դեպքը տեղի է ունեցել բանակցային գործընթացի տապալման ֆոնին․ Իրանը հրաժարվել է մասնակցել խաղաղ բանակցությունների երկրորդ փուլին՝ չնայած ԱՄՆ պատվիրակության ուղարկմանը Պակիստան։ Թեհրանում հայտարարել են, որ Վաշինգտոնի պահանջները «չափազանցված և անիրատեսական» են։
Միաժամանակ՝ իրանական կողմը ներկայացրել է իր պայմանները․ խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին նշել է, որ Թեհրանը պնդում է Լիբանանում հրադադարի հաստատման և ակտիվների ապասառեցման վրա՝ որպես նախապայմաններ։
«Իրանը շարունակում է պահպանել այս սկզբունքները»,- ընդգծել է նա՝ նախազգուշացնելով դրանց անտեսման դեպքում հետևանքների մասին։
Այս ֆոնին իսրայելական զինուժը հայտարարել է Լիբանանի հարավում՝ Քֆարկելայի շրջանում, հարվածի մասին։ Նրանց տվյալներով՝ ոչնչացվել է արձակման պատրաստ հրթիռային կայան, որը գտնվում էր, այսպես կոչված, «դեղին գծից» հյուսիս։ Հարվածը հասցվել է՝ չնայած ավելի վաղ համաձայնեցված 10-օրյա հրադադարին։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։
Ապրիլի 19-ին Իրանը հայտարարել էր, որ փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար չեղարկումը, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։
Թարմացված է՝ 20.04.2026 | 11։07




































