Առնվազն երկու առևտրային նավ հայտնել է, որ իրենց վրա կրակ են բացել Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ, Reuters-ին տեղեկացրել է ծովային անվտանգության և նավագնացության երեք աղբյուր։
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրանական կողմը ևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, պնդել էր, թե Իրանի հետ համաձայնագիրը «շատ մոտ է» կնքմանը, և Թեհրանը պատրաստ է ամերիկյան կողմին փոխանցել հարստացված ուրանի պաշարները։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել էին այս տեղեկությունները։
Այսօր ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր Հորմուզի նեղուցով սահմանափակ առևտրային տարանցումը թույլատրող համաձայնագրի չեղարկման մասին։



























