Թուրքիան փուլ առ փուլ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ համակարգված գործողություններով, Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, իր հերթին, նշել է, թե Բաքուն «կարգավորել է հակամարտությունը Հայաստանի հետ» և «ապահովել կայունությունը տարածաշրջանում»։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը «մնացել է անցյալում» և այլևս չի սահմանում տարածաշրջանային օրակարգը։ Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ Ադրբեջանը «շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման ուղղությամբ»։
Հաջիևը հիշեցրել է, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ-ի մասնակցությամբ Երևանն ու Բաքուն նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչից հետո, ըստ նրա, Հարավային Կովկասի տարածաշրջանը «թևակոխել է ավելի կայուն փուլ»։
«Ադրբեջանը կարգավորել է հակամարտությունը Հայաստանի հետ, ապահովել է տարածաշրջանային կայունությունը և պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։ Այսօր տարածաշրջանն արդեն թևակոխել է ավելի կայուն և խաղաղ փուլ»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը «մոտենում է ավարտին»։ Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»-խմբ.) նախագծի շրջանակում երկու երկրների էներգահամակարգերի միացման ծրագրերի մասին։






































