Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են բանտ, հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։
Մինասյանի գործը քննող 2 քննիչները՝ Հակոբ Հակոբկոխյանը և Դավիթ Կիրակոսյանն աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել։ Ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել էր Մինասյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։




































