Արարատի մարզի Արարատ գյուղի իշխանությունները որոշել են հեռացնել 20-րդ դարի սկզբի հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի արձանը, որի անունով կոչվել էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ առաջիկայում համայնքապետարանը նախատեսում է այս հարցով հանրային լսումներ կազմակերպել։ Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանը թերթին հաստատել է, որ իշխանությունները ցանկանում են Շահումյանի արձանը տեղափոխել այգի, իսկ դրա փոխարեն տեղադրել Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը։
Վարչական ղեկավարը պնդում է, որ դա բնակիչների ցանկությունն է։ Այն հարցին, թե արդյոք իրականացվե՞լ է ստորագրահավաք, Գասպարյանը պատասխանել է, որ նման գործընթաց չի կատարվել և «պարզապես քննարկում է անցկացվել»։
Շահումյանը 1917-1918թթ. գլխավորել է Բաքվի կոմունան և Արևելյան Անդրկովկասի հայության ինքնապաշտպանական կռիվներն ընդդեմ Օսմանյան Թուրքիայի և մուսաֆաթական թուրք-թաթարական հորդաների։ Նա Լենինի զինակիցն ու ընկերն էր, նրան կոչել են «Կովկասի Լենին»: Բաքվի բոլշևիկյան կառավարության անկումից հետո Շահումյանն ու իր ընկերները` 26 կոմիսար, ձերբակալվել և գնդակահարվել են:
Փետրվարին մամուլը գրել էր ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներին ուղարկված նամակի մասին, որով պահանջվում էր հեռացնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակի անկյունները («Փառքի անկյուններ») և դրանք փոխարինել ՀՀ զինանշանով ու դրոշով՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» մակագրությամբ։
Ապրիլի 3-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը հրաժարական էր տվել՝ հրաժարվելով «Փառքի անկյունից» հանել Արցախի դրոշը։ Ըստ աղբյուրի՝ դրոշը դպրոցին էին փոխանցել Հադրութի զինվորականները։




































