Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարի երկու կետ դեռևս չեն իրականացվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ՌԲԿ-ն:
«Լիբանանում հրադադար և իրանական ակտիվների ապաշրջափակում բանակցությունների մեկնարկից առաջ: Այս երկու պայմանը պետք է կատարվի բանակցությունների մեկնարկից առաջ»,- գրել է նա:
Բանակցությունները նախատեսված են ապրիլի 11-ին: Հանդիպումը տեղի կունենա Պակիստանում:
Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Իրանին հրադադարի խախտման մեջ: Նա անընդունելի էր անվանել Հորմուզի նեղուցով անցնող լցանավերի համար Իրանի կողմից սահմանված վճարը: Նա ընդգծել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության են եկել հրադադարի այլ պարամետրերի շուրջ:
Թրամփն ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ որոշում է կայացվել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Թեհրանն, իր հերթին, համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական հանրապետության ուղղությամբ հարվածներ չհասցվեն։






































