Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել մետրոյում արցախցի երիտասարդ կնոջ նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ, հանձնաժողովից հայտնել են «Փաստինֆո»-ին։
Հանձնաժողովից պարզաբանել են, որ նման դեպքերում ստուգման միակ նպատակն այն է, որ պաշտոնյան հրապարակավ բացատրություն տա իր արարքի համար։
Քանի որ վարչապետն արդեն իսկ հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, հանձնաժողովը գտել է, որ քննություն սկսելն այլևս իմաստ չունի, քանի որ դրա ակնկալվող արդյունքն արդեն իսկ առկա է։
Մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և արցախցի Արմինե Մոսիյանի միջև, երբ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ դրոշով պատկեր նվիրել կնոջ երեխային։ Փոխադարձ արձագանքներից հետո Փաշինյանը բարձր ձայնով և «մատ թափ տալով» էր պատասխանել կնոջը՝ արցախցիներին անվանելով «փախածներ»։ Նույն խոսույթը Փաշինյանն օգտագործել էր նաև ճեպազրույցում։




































