Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջել է Երևանում, որի ժամանակ մետրոպոլիտենում նրա և մի կնոջ միջև վեճ է սկսվել, երբ Փաշինյանն առաջարկել է ՀՀ դրոշով պատկեր նվիրել կնոջ երեխային։
«Մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»,- Փաշինյանին այսպես է արձագանքել կինը և նրան մեղադրել Արցախի կորստի մեջ։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է․ «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք»։
Արձագանքելով Փաշինյանին՝ կինն ասել է, որ «թեպետ Փաշինյանը չի թողել, որ իրենք Արցախում ապրեն, բայց հիմա չի կարող իրենց զրկել Արցախում ապրելու հույսից»:
Փոխադարձ արձագանքներից հետո Փաշինյանը բարձր ձայնով և «մատ թափ տալով» է պատասխանել կնոջը՝ հորդորելով Արցախի հետ կապված մեղադրանքներ չհնչեցնել։
«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ մենք ուզում էինք վերադառնալ։ Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»,- ասել է Փաշինյանը։
Կինն էլ, ի պատասխան, Փաշինյանին հորդորել է իր հետ բարձր ձայնով ու «մատ թափ տալով» չխոսել։
Ավելի ուշ «Հրապարակը» գրել է, որ կինը 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է՝ Արմինե Մոսիյանը։
Միջադեպին արձագանքել են նաև իրավապաշտպաններ և փաստաբաններ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ իրական ժողովրդավար երկրում բարձրաստիճան պաշտոնյան «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ մեկի հետ:
«Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսալը, երբ էթնիկ զտումներ տեսած մեր հայրենակիցներն իրենց արդար բողոքն են ներկայացնում, մեղմ ասած՝ շատ ամոթ է»,- գրել է Վարդևանյանը։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր գրառման մեջ նշել է, որ դեպքը կնոջ տղա երեխայի ներկայությամբ էր, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանել:
«Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները չեն տեսել, չէ՞ : Դե պարզ է, ինչո՞ւ պիտի տեսնեն։ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք»,- մասնավորապես՝ գրել է Ֆարմանյանը։
Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել է, թե զոհվածի աղջկան «փախած» չի անվանել ու, միաժամանակ, ներողություն է խնդրել։
«Նման բան չեմ ասել, բացառված է։ Եթե այդպես է ընկալվել՝ սխալ է ընկալվել։ Եթե ինչ-որ բան այնպես չեմ ասել՝ ներողություն եմ խնդրում»,- ասել է Փաշինյանը լրագրողներին։
Ավելի ուշ դեպքին անդրադարձել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին կոչ անելով ընտրական գործընթացներում իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել զգայունություն տեղահանված անձանց, փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:
«Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը»,- հայտարարել է ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ հանրային դիսկուրսը չպետք է առաջացնի կամ խորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Ավելի ուշ Փաշինյանը ներողություն է խնդրել Մոսիյանից։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը զրույցն անվանել է «կոշտ» և նշել, որ «գործընկերների մեկնաբանություններից և քննադատությունից» հասկացել է, որ «իր խոսքերում ամեն ինչ այնպես չէր, ինչպես, երևի, պետք է լիներ»։
«Ձեզնից ու Ձեր որդուց ներողություն եմ խնդրում էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Գիտեմ, որ դուք կմերժեք սա և հետևից երկու կոպիտ բառ էլ կասեք, բայց եթե հանկարծ մտածեք, որ արժե համաձայնվել հանգիստ և առանց էմոցիաների խոսել, իմացեք, որ ես ձեր տրամադրության տակ եմ»,- ասել է Փաշինյանը։
Ավելի ուշ Փաշինյանը նաև գրառմամբ է ներողություն խնդրել կնոջից և նրան ու որդուն հրավիրել կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու։ Փաշինյանը հավելել է, որ եթե կառավարություն գալը Մոսիյանի համար ընդունելի չէ, պատրաստ է նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում, կամ իր բնակության կամ աշխատանքի վայրում։
Թարմացված է՝ 22.03.2026 | 23:45




































