Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախազգուշացրել է, որ Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության ամբողջական դադարեցմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Եվրոպական միության երկրների հետ [Ռուսաստանը] չունի ավիացիոն հաղորդակցություն, ինչը նշանակում է, որ չենք ունենա ավիացիոն հաղորդակցություն նաև Հայաստանի հետ»,- նշել է Օվերչուկը:
Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի ընտրած քաղաքական կուրսի պոտենցիալ ռիսկերը։
ՌԴ փոխվարչապետի դիտարկմամբ՝ չնայած հարաբերությունների սերտացմանը միտված հայտարարություններին, անհասկանալի է մնում, թե տնտեսական առումով ի՞նչ կշահի Հայաստանը նման տրանսֆորմացիայի արդյունքում։
Նա շեշտել է՝ Մոսկվան ուզում է, որ հանրությունը հասկանա աշխարհաքաղաքական նոր ընտրության տնտեսական և լոգիստիկ գինը:
«Գուցե սա հնչում է շատ կոշտ, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան՝ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա հենց Եվրոպական միության հետ մերձեցման որոշումների պատճառով»,- նշել է նա։
Միաժամանակ, Օվերչուկի կարծիքով, անհայտ է մնում, թե վերջնարդյունքում ի՞նչ կշահի Հայաստանը ԵՄ-ին անդամակցությունից:
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել էին, մասնավորապես, Երևանի հարաբերությունները Եվրոպական միության հետ և Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
Հանդիպումից հետո Օվերչուկն զգուշացրել էր, որ երկաթուղիների կոնցեսիայի վաճառքը կարող է զրկել Հայաստանին ռուսական բեռներից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այս հայտարարությանը, նշել էր, որ եթե Ռուսաստանը սահմանափակումներ կիրառի Հայաստանի դեմ, ապա երկիրը պատրաստ է լքել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը։






































