Ռուսաստանը բազմիցս առաջարկել է տարբեր մեծության էներգաբլոկներ կառուցել Հայաստանում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետն արդիականացումից հետո երկարաձգվելու է մինչև 2036 թվականը, որը, մասամբ, իրականացնելու է «Ռոսատոմը»: Միաժամանակ՝ նա կարծիք է հայտնել, որ դա որոշակի «սահմանագիծ» է, որից հետո հայկական կայանը շահագործելն այլևս հնարավոր չի լինի մի շարք պատճառներով:
«Իհարկե, դժվար չէ հաշվել, որ մնում է ընդամենը 10 տարի, որպեսզի ոչ միայն որոշում կայացվի, այլև իրականացվեն Հայաստանում նոր բազային գեներացիայի կառուցման ծրագրերը: Մենք բազմիցս համապատասխան առաջարկներ ենք արել Հայաստանի կառավարությանն ինչպես մեծ հզորության, այնպես էլ միջին և փոքր հզորության էներգաբլոկների վերաբերյալ: Այս լուծումներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու մարտահրավերները, սակայն վերջին խոսքը միշտ պատվիրատուինն է»,- նշել է Լիխաչովը:
Նրա խոսքով՝ հենց Հայաստանի կառավարությունն է որոշելու երկրի էներգահամակարգի կոնֆիգուրացիան և զարգացման բոլոր հեռանկարները:
«Իմ պատկերացմամբ՝ առանց ատոմային էներգետիկայի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ երկիրն այս ոլորտում ունի տասնամյակների փորձ»,- նշել է «Ռոսատոմի» ղեկավարը՝ հավելելով, որ 70-ականների վերջից Հայաստանը խաղաղ ատոմային տեխնոլոգիաների կրող է, և այդ առավելությունը չի կարելի կորցնել:
«Հնարավոր է՝ այսօր քննարկվի, թե կոնկրետ ի՞նչ մոտեցումներ ունի ՀՀ կառավարությունն այս խնդրի լուծման համար: Ես ոչ միայն կարծում եմ, այլև լիովին վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից կարվեն առավել հարմար առաջարկներ, քանի որ մեզ կապում է երկար տասնամյակների կառուցողական համատեղ աշխատանքը» - շարունակել է նա:
Լիխաչովը հավելել է, որ Հայաստանի էներգետիկ անկախությունն անհնար է առանց ատոմային էներգետիկայի և, իր կարծիքով, հենց ռուսական լուծումները պետք է պահանջարկ ունենան մոտ ապագայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին հայտարարել էր, որ Հայաստանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները։
Վարչապետը տեղեկացրել էր, որ Հայաստանը մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիր, ինչը հիմք կհանդիսանա նոր միջուկային էներգաբլոկի անցման համար:





































