Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ հաղորդագրություններ է ստանում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆից, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Արաղչին ընդգծել է, որ սա չի նշանակում, թե կողմերը բանակցություններ են վարում:
«Սրանք բանակցություններ չեն, այլ պարզապես հաղորդագրությունների փոխանակում՝ կա՛մ ուղղակիորեն, կա՛մ տարածաշրջանում մեր գործընկերների միջոցով»,- գործակալությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը:
Նախարարի խոսքով՝ Իրանը դեռևս ԱՄՆ-ին պաշտոնական պատասխան չի ուղարկել հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագրի վերաբերյալ և որևէ հակապայման առաջ չի քաշել:
Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանը համաձայն չէ հրադադարին և ձգտում է «պատերազմի լիակատար դադարեցման ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում»:
«Իրանի պայմանները ներառում են կրկնակի ագրեսիան կանխելու և վնասի փոխհատուցման երաշխիքներ»,- նշել է նա:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:





































