Ucom ընկերությունը հեռախոսային խարդախությունների ակտիվացման մասին է զգուշացրել։
Ըստ կապի օպերատորի տարածած հաղորդագրության՝ խաբեբաները ներկայանում են որպես բանկերի, հեռահաղորդակցական օպերատորների, առաքման ծառայությունների կամ պետական մարմինների աշխատակիցներ և փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների անձնական տվյալներին:
Խարդախության սխեմաները ներառում են SMS-ով ստացված ծառայության ակտիվացման կոդերի փոխանցում կամ թելադրում, SMS հաղորդագրություններով ուղարկված հղումների վրա սեղմելու և բանկային քարտի կամ անձնական տվյալների լրացման պահանջ, հեռախոսում հատուկ ծրագրերի տեղադրման առաջարկ (օրինակ՝ 5G ծառայություն ակտիվացնելու կամ որևէ ծառայությունից անվճար օգտվելու պատրվակով)։
Ընկերությունը նշում է, որ այս գործողությունները կատարելու դեպքում խաբեբաները կարող են հափշտակել ֆինանսական միջոցները, մուտք գործել բանկային հավելվածներ, իրականացնել տարբեր գործողություններ:
Քննչական կոմիտեն, իր հերթին, քաղաքացիներին մարտի 9-ին զգուշացրել էր սոցիալական ցանցերում տարածվող մոլորեցնող գովազդների մասին, որոնց միջոցով խաբեբաները կարող են տիրանալ մարդկանց բանկային քարտերի տվյալներին և հափշտակել գումարները:




































