Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 17-ի մամուլի ասուլիսում ներկայացրել է գնաճի վրա ազդող հիմնական գործոնները, տնտեսական հիմնական միտումները և ԿԲ-ի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի արժեքը։
Նա ընդգծել է, որ առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր, ինչպիսիք են, օրինակ, մասնավոր աշխատավարձերի աճը, ծառայությունների գնաճը։ Գալստյանի խոսքով՝ թոշակների բարձրացումը կարող է բերել գնաճի հիմնական արժեքի 0,1-0,2%-ի չափով ավելացման։
Գալստյանը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության հետևանքով Հայաստանում գնաճը լրացուցիչ կարող է ավելանալ 1,2-ից 1,7 տոկոսային կետով։
Նա նշել է, որ նշված գնաճը կլինի այն դեպքում, եթե, օրինակ, նավթի գները բարձրանան, Հայաստանը հակամարտության հետևանքով ներմուծման այլընտրանքային ճանապարհներ օգտագործի կամ Իրանից ներմուծվող որոշակի պարենային ապրանքներ այլ երկրներից ներկրի։
Գալստյանը նաև հայտնել է, որ ԿԲ-ն որոշել է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,25%-ի մակարդակում։ Ըստ ԿԲ-ի` այս որոշումը պայմանավորված է համաշխարհային տնտեսությունում առկա բարձր անորոշությամբ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, նավթի գների կտրուկ աճի և առևտրային քաղաքականությունից բխող ներկա ռիսկերի հետ:
Անդրադառնալով տնտեսության ընդհանուր վիճակին՝ Գալստյանը նշել է, որ 2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճն զգալիորեն արագացել է, հիմնականում՝ շինարարության, ծառայությունների ոլորտի և մշակող արդյունաբերության շնորհիվ: Սակայն, ըստ ԿԲ գնահատականների, պահանջարկի ընթացիկ պայմանները և մի շարք միտումներ հաշվի առնելով՝ տնտեսության հետագա զարգացման հարցում անորոշությունն էապես ավելացել է:





































