Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արամայիս Հարությունյանը (130 կգ) հռչակվել է Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշը 1:1 հաշվով հաղթել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն և մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Լաշլո Դարաբոշին (Հունգարիա)։
Սամվել Տերտերյանը ( 77 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Նա 1։1 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին։
Մանվել Խաչատրյանը (55 կգ) ժամանակից շուտ 6։0 հաշվով հաղթելով թուրք Սերչան Կեշգինին՝ նվաճել է առաջնության բրոնզե մեդալ։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։






































