Իրանը նոր Գերագույն առաջնորդ է ընտրել այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Փորձագետների խորհրդի անդամի հայտարարությանը:
Նա նշել է, որ նոր առաջնորդի ազգանունը կմնա նույնը, ինչ հանգուցյալ առաջնորդինը:
«Ձայների մեծամասնությունն ընտրել է այն անձին, ով կշարունակի իմամ Խոմեյնիի և նահատակ իմամ Խամենեիի ուղին: Իրանի նոր Գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի: Քվեարկություններն արդեն տրվել են, և որոշումը շուտով կհրապարակվի»,- ասվում է տեսանյութում:
Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ մահացած հոգևոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, համարվում է պաշտոնի ամենահավանական թեկնածուն։ Սակայն մարտի 7-ին տեղեկություններ էին տարածվել, որ նա, հնարավոր է, վիրավորվել է Իրանում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ։
Շարունակվող հակամարտության պայմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նայինին հայտարարել է, որ Իրանը կարող է դիմակայել ինտենսիվ ռազմական գործողություններին առնվազն կես տարի։
Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերի զինանոցը ներառում է ծանր, բալիստիկ և թևավոր հրթիռներ, տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր և հարձակողական նավեր, և այն պատրաստ է լայնածավալ և երկարատև պատերազմի։
«Մտահոգության պատճառ չկա»,- հայտարարել է Նայինին՝ հավելելով, որ Իրանը մտադիր է առաջիկա օրերին օգտագործել ավելի ժամանակակից հեռահար հրթիռներ, որոնք նախկինում հազվադեպ են օգտագործվել։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։





































