ԱՄՆ-ն Հնդկաստանին ժամանակավոր 30-օրյա արտոնություն է տրամադրել՝ թույլ տալով ռուսական նավթը ծովում տանկերներով վաճառել՝ համաշխարհային նավթի շուկայի վրա ճնշումը մեղմելու համար, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյայի։
Ըստ կայքի՝ Հնդկաստանը խնդրել է ԱՄՆ վարչակազմին թույլատրել ռուսական նավթի ներմուծումը՝ Իրանի շուրջ հակամարտության պատճառով։ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները շտապ կերպով միլիոնավոր բարել ռուսական նավթ են գնում՝ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Իրանի հետ հակամարտության ֆոնին մատակարարման խափանումների պատճառով, նշել է լրատվականը։
Ըստ Bloomberg-ի՝ մատակարարման խնդիրը ծագել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների բռնկման պատճառով։ Հնդկաստանի նավթի առաքումների կեսը արաբական երկրներից է գալիս Հորմուզի նեղուցով, սակայն այս երթուղին այժմ վտանգի տակ է հրետակոծության պատճառով։ Կայքը պարզաբանել է, որ ռուսական տանկերները կարող են առանց որևէ խնդրի հասնել Հնդկաստանի ափեր։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։




























