«Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաժանվել են։ Այս մասին փետրվարի 27-ին սոցիալական հարթակում տեսանյութով տեղեկացրել էր Աննա Հակոբյանը։ Նրանք քաղաքացիական ամուսնության մեջ էին գտնվում, իրենց միությունը պաշտոնապես չէին գրանցել:
«Աննայի որոշմանը հարգանքով եմ վերաբերում»,- այսպիսի գրառմամբ էր սոցիալական հարթակում Փաշինյանն արձագանքել Հակոբյանին և հավելել, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում Հակոբյանն իրեն մշտապես աջակցել է։
Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ փորձելով պարզել՝ ի՞նչ կարծիք ունեն այս մասին քաղաքացիները:
Հարցման մասնակիցները տարբեր կարծիքներ են հայտնել Փաշինյան-Հակոբյան զույգի բաժանման մասին։
Քաղաքացիների մի մասը նշել է, որ սա, հնարավոր է, PR է, և նրանց ամուսնալուծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Կարող է խաղ է, կարող է սուտ է, կարող է ճիշտ է»,- կարծում է քաղաքացին։
Մյուսն արձագանքում է. «Ամեն ինչն է իրենց PR»։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ չի հետաքրքրվում երկրի վարչապետի և նրա տիկնոջ անձնական կյանքով:
«Դա անձնական խնդիր է, ոչ թե քաղաքական»,- ասել է քաղաքացին:
Տեսանյութում Հակոբյանը նաև ցուցադրել և ասել է, թե ինչ իրեր է իր հետ տանում կառավարական առանձնատնից՝ մանրամասնելով՝ դրանք հիմնականում գրքեր և անձնական իրեր են։ Տեսանյութից տեղեկանում ենք, որ Հակոբյանն այսուհետ ապրելու է վարձակալած բնակարանում։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, նա նշել է, որ կան որոշակի դրամական միջոցներ և կարծում է՝ դա կբավականացնի իրեն։
Քաղաքացիների արձագանքը Հակոբյանի՝ վարձով բնակարան տեղափոխվելու մասին տեղեկությանը ևս տարբեր է։
«Բայց ինչո՞ւ պիտի վարձով բնակարանում ապրի, Փաշինյանն ի վիճակի չէ՞ մի բնակարան գնել»,- հետաքրքրվել է հարցման մասնակիցը, մյուսը հումորային արձագանքելով՝ ասել է. «Վայ, շատ մեղք է, եկեք մի քիչ օգնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։




































