Երկընտրանքի առջև ենք՝ պայքարել մի քանի մանդատի համա՞ր, թե՞ նպաստել մյուս ընդդիմադիր ուժերի հաղթանակին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը:
Հանրապետական կուսակցությունը, նրա խոսքով, դեռևս վերջնական որոշում չի կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ չնայած առաջին հայացքից հարցը պարզ է թվում, սակայն էության մեջ մտնելիս առաջանում է երկընտրանք:
«Պայքարել մի քանի մանդատի համա՞ր, թե՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»,- նշել է Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշումը կայացվելու է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին կայանալիք համագումարում՝ կուսակցական ակտիվի և պատվիրակների հետ խորհրդակցելուց հետո:
Նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ վերջին շրջանում ակտիվացած «փոխհրաձգության» հետ կապված Սարգսյանը նշել է, որ որևէ խնդիր չի տեսնում:
«Ջրերը զուլալվում են, և մենք որևէ խնդիր չունենք»,- հայտարարել է նա:
Անդրադառնալով իմփիչմենթի գործընթացին՝ ՀՀԿ ղեկավարը նշել է, որ թեև այժմ լուրջ նկատելի առաջընթաց չկա, սակայն կուսակցությունը շարունակելու է իր պայքարը մեծ ինտենսիվությամբ: Նա հորդորել է սպասել և հետևել զարգացումներին՝ խոստանալով, որ մինչև հաջորդ հանդիպումը նոր բան կլսեն դրա մասին:
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան) և «Բոլորին դեմ եմ» շարժումը։
Ընտրական քարտեզի վերաբերյալ առավել մանրամասն Armenia Today-ի տեսանյութում՝






































