«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանում ձմռանը գյուղմթերքների գների իջեցման ուղիների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի զարգացման մասին։
Նա ձմռանը գյուղմթերքների բարձր գները բացատրել է զարգացած ջերմոցային տնտեսություններ չունենալով և որպես այդպիսի ներուժ ունեցող շրջան՝ նշել Նոյեմբերյանը։ Նրա խոսքով՝ Նոյեմբերյանում աճում են այնպիսի մրգեր և բանջարեղեն, որոնք Հայաստանի համար հատուկ չեն և, հիմնականում, ներմուծվում են շատ թանկ գներով։
«Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպեցիֆիկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա»,- նշել է Կարապետյանը։
Նա մանրամասնել է, որ ջերմոցներում աճող գյուղատնտեսական մթերքի գնի հիմնական մասը կազմում է գազի գինը, քանի որ ձմռանը ջերմոցները տաքացվում են գազով։
«Կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն Նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով։ Քանի որ գազը ՀՀ է ներմուծում 165 դոլարով, և մինչև այն հասնում է Երևան և մյուս շրջաններ՝ թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք կունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի 165 դոլարից մի քիչ ավելի թանկ և հայկական ջերմոցները կունենան գազի ավելի էժան գին, քան թուրքական ջերմոցները»,- ասել է նա։
Ըստ Կարապետյանի, այսպիսով հնարավոր կլինի մրցակցել թուրքական ջերմոցների հետ, քանի որ ձմռանը գյուղմթերքի ինքնարժեքի 70%-ը գազի գինն է։ Նա շեշտել է, որ այդ դեպքում գյուղմթերքի վերջնական գինը 15%-ով էժան կլինի։
Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ղեկավվարած «Ուժեղ հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում նրան կառաջադրեն վարչապետի թեկնածու։ «Մեր ձևով» համաժողովրդական շարժման տնտեսական ծրագրի կետերից առաջինը 300 հազար նոր աշխատատեղի ստեղծումն է:
Մանրամասները՝ տեսանյութում։





































