Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը 2036 թվականից հետո ենթադրվում է երկարացնել ևս 10 տարով, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլով, այսինքն՝ մինչև 2046-ը, հնարավոր կլինի երկարացնել ատոմակայանի գործունեությունը»,- մանրամասնել է վարչապետը։
Նա նշել է, որ այդ ընթացքում պետք է կայացնել որոշումներ՝ նոր ռեակտորներ ունենալու վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրել է, որ նոր ատոմային ռեակտոր, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում են Ռուսաստանի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, ինչպես նաև Հարավային Կորեայի հետ։
«Այդ ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշումը կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե ո՞ր առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին»,- շեշտել է նա։
Փաշինյանը նշել է միջուկային էներգետիկայի շուկան լավ և ճիշտ ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։
«Երկարաժամկետ ուսումնասիրելու կարիք կա, քանի որ այլ խնդիր էլ կա։ Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենաէժանն է։ Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի պաշան ընդհանրապես 70 տարվա է։ Այսինքն՝ սա նշանակում է, որ հաշվարկի կարիք կա, թե 40 տարի հետո 1 կվտ ժամ միջուկային էներգիան ի՞նչ կարող է արժենալ։ Այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և հետգնման հնարավորությունների հարց կա»,- շեշտել է նա։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն ատոմակայան կառուցելը չէ, պետք է հասկանալ՝ ներդրված միջոցները ինչպե՞ս են վերադարձվելու։
«Եթե մենք, ենթադրենք, 4, 5 կամ 6 մլրդ դոլարի ներդրում ենք անում, իսկ հետո ուրանի գինը մի քանի անգամ բարձրանում է, դա ի՞նչ ազդեցություն կունենա նախագծի տնտեսական արդյունավետության վրա»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ ներկայում քննարկվում են նաև միջուկային վառելիքի երկրորդային հարստացման և արդեն օգտագործված վառելիքի կրկնակի կիրառման տեխնոլոգիաները, ինչպես նաև հեռանկարային տարբերակներ, որոնք կարող են փոխել շուկայի կառուցվածքը։ Նրա խոսքով՝ ուրանի և պլուտոնիումի օգտագործման ծավալները համեմատաբար սահմանափակ են, և տեխնոլոգիական զարգացումները կարող են ազդել գների դինամիկայի վրա։
«Հարցը ոչ միայն տեխնոլոգիան է, այլև գինը։ Ամենակարևորը գինն է»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը փակելը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Փետրվարի 9-ին Հայաստանը և Միացյալ Նահանգներն ստորագրել էին համատեղ հայտարարություն՝ եզրափակելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սա ներկայացնում է ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի նախնական արտահանում, ինչպես նաև լրացուցիչ 4 միլիարդ դոլար։
Կարդացեք նաև՝
Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի համար ռուսական միջուկային նախագծերին այլընտրանք չկա





































