Ազգային ժողովը 21 կողմ, 52 դեմ, 1 ձեռնպահ ձայներով դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» նախագծին։
Ըստ նախագծի՝ ՀՀ իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իշխող վարչախմբի «գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն», որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրական վերջնական տապալման։
Նախագծով խմբակցությունը երկրում կատարվող իրադարձությունների վրա միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել:
«Հրավիրվում է Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական և հակաիրավական գործընթացների վրա՝ ակնկալելով հստակ գնահատականներ ՀՀ իշխանությունների կողմից իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների խաթարման ու քաղաքական զանգվածային բռնաճնշումների առնչությամբ»,- ասված է հայտարարության տեքստում։
Եզրափակիչ ելույթում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագիծը որևիցե հավելյալ արժեք քննարկմանը չի փոխանցում:
Հարցի քննարկումը հետաձգվել էր մինչև երկու ամիս ժամկետով: Ըստ ընդդիմության տվյալների՝ Հայաստանում կա շուրջ 40 քաղբանտարկյալ։ Նոյեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի էր ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն ՀՀ-ում կալանավորված քաղբանտարկյալների:



































