Արագածոտնի մարզում` Երևան-Վանաձոր մայրուղում, սաստիկ մերկասառույցի պատճառով մոտ 18 կիլոմետր երկարությամբ մեծ խցանում է առաջացել, որի հետևանքով ավելի քան 4000 մեքենա մնացել է ճանապարհին, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արտաշավան գյուղից դեպի Քուչակ գյուղ տանող ճանապարհին։ Մերկասառույցի պատճառով այս հատվածում երթևեկությունը գործնականում կաթվածահար է։
Նշվում է, որ ճանապարհային սպասարկման ընկերությունը չի մաքրել ճանապարհը կամ չի մշակել այն ավազ-աղի խառնուրդով։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել վարորդների շրջանում, ովքեր մնացել են բազմակիլոմետրանոց խցանման մեջ։
ՀՀ ՆԳՆ Արագածոտնի բաժնի պարեկային ծառայության աշխատակիցները դեպքի վայրում աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ճանապարհային խցանումը շարունակվում է շուրջ երկու ժամ։
Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. փրկարարներն ու պարեկներն օգնություն են ցուցաբերել 170 քաղաքացու, խցանումից դուրս բերել 80 տրանսպորտային միջոց։ Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։




































