Ռուսական կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար սցենարիստ, դերասան, կինոռեժիսոր, նկարիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Ադաբաշյանն արժանացել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի 24-րդ «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության առաջին մրցանակին, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ստանալով մրցանակը՝ նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր որոշել են այն շնորհել իրեն՝ նշելով, որ իր ներդրումը դրանում «շատ հարաբերական» է, քանի որ իր «բոլոր դերասանական կարիերաները շատ լավ վարպետների մոտ աշակերտ աշխատելու արդյունք են»։
Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 10-ին՝ Մոսկվայում։ 1962 թվականին ընդունվել է Մոսկվայի արդյունաբերական արվեստի բարձրագույն դպրոց։
Նա խաղացել է քառասունից ավելի երկրորդական դերեր՝ էկրանին ստեղծելով վառ և հիշարժան կերպարներ, ինչպիսիք են ինժեներ Տիմոֆեևը «Հինգ երեկո» ֆիլմում, սպասավոր Բերիմորը «Բասկերվիլների շունը» ֆիլմում և Բեռլիոզը «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում։
«Ոսկե արծիվը» Ռուսաստանի ազգային կինոմրցանակ է, որը հիմնադրվել է Ռուսաստանի կինոարվեստի և գիտության ազգային ակադեմիայի կողմից: Մրցանակը շնորհվում է 2002 թվականից՝ կինոարվեստում ակնառու նվաճումների համար:






































