Խաղաղության պայմանագիրն ստորագրելի է, մեր նպատակն է հասնել Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղ համակեցության մի քանի տարբերությամբ. պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք մեր հարևան երկրներին ժողովրդագրական վտանգ ներկայացնել Հայաստանի համար, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք ադրբեջանական արհեստական համայնք ձևավորել Հայաստանում և դա օգտագործել որպես գործիք Հայաստանի դեմ։ Պետք է աշխատենք, որպեսզի պայմանագիրը չլինի թուղթ, թղթի կտոր, այլ լինի երաշխավորված։ TRIPP-ը («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) և խաղաղության պայմանագիրը նույն ձևաչափի մեջ ենք դիտարկում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ առանց միջազգային երաշխավորությունների մեծ խնդիր է դա»,- նշել է Կարապետյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։
Թե երբ են կողմերը ստորագրելու խաղաղության պայմանագիրը, հայտնի չէ:




































