Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման ջանքերի համար փետրվարին Աբու-Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, հայտնել է ՀՀ կառավարությունը։
Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամն ընդգծել է Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
2026 թվականի մրցանակակիրներն ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից, նշել է կայքը։
Հանձնաժողովի անդամներն են Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթը, Սուրբ Աթոռի մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ, կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սաիդա Միրզիյոևան, ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար, դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։





































