Արգենտինայում գործող SOAR կազմակերպության («Հայ որբերի աջակցության ընկերություն») Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ, փաստաբան Լուսիանա Մինասյանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքին՝ Ադրբեջանում գերու կարգավիճակով պահվող Լյուդվիգ Մկրտչյանի հարցով։
Մկրտչյանի իրավական ներկայացուցիչ Մինասյանն իր և նրա ընտանիքի անունից մտահոգություն է հայտնել Բաքվում 5 տարուց ավելի շարունակվող կամայական կալանքի վերաբերյալ։
«Մկրտչյանի երկարատև կալանքը, պատշաճ դատավարության բացակայությունն ու ընտանիքից հարկադրական բաժանումը մարդու իրավունքների լուրջ խախտումներ են։ Վերջին զարգացումները (4 հայ գերու վերադարձը հայրենիք-խմբ․) ևս մեկ անգամ հաստատում են, որ հայ կալանավորների նկատմամբ կիրառելի է միջազգային մարդասիրական իրավունք»,- գրել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ 4 գերիների վերադարձը, դրան հաջորդող գործընթացները փաստացիորեն արտացոլում են գերիների պաշտպանված իրավական կարգավիճակի լռելյայն ճանաչումը։
«Այդ ճանաչումը պետք է նույն կերպ տարածվի նաև Մկրտչյանի և բոլոր մնացած հայ կալանավորների վրա»,- ընդգծել է նա։
Մինասյանը հավելել է, որ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին է մասնակցել, և Ժնևի կոնվենցիաների ու դրանց լրացուցիչ արձանագրությունների համաձայն՝ պետք է ազատ արձակված լիներ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հրադադարի համաձայնագրից հետո։
«Նրա շարունակվող կալանքը, հետևաբար, միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում է»,- շեշտել է իրավապաշտպանը։
Մկրտչյանին Բաքուն մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ: Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել էին 2020 թվականի հոկտեմբերի վերջին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, հունվարի 14-ին 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։





































