Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունները ծրագրված էին դրսից և Իրանի ինքնիշխանությունը խարխլելու, «կլանելու» ամերիկյան նախագծի մաս են կազմում:
Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ի վերջնական նպատակն է վերահսկողություն հաստատել Իրանի նկատմամբ և վերադարձնել այն իր քաղաքական, ռազմական և տնտեսական հեգեմոնիայի ներքո: Նա ընդգծել է, որ Թեհրանի վրա ճնշման փորձերը շարունակվում են Իսլամական հեղափոխության առաջին օրերից և մնում են Վաշինգտոնի անփոփոխ գիծը:
Իրանի առաջնորդը նշել է, որ անկարգությունները ճնշվել են ժողովրդի, պետական ինստիտուտների և զգոն քաղաքացիների ջանքերով, թեև, ինչպես նշել է, դրանք որոշակի վնաս են հասցրել երկրին:
Խամենեին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող հաշտվել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում անկախ պետության գոյության հետ, որն ունի զգալի գիտատեխնոլոգիական ներուժ:
Առանձին-առանձին նա անկարգությունների մասնակիցներին մեղադրել է մզկիթների հրկիզման, բանկերի և խանութների վրա հարձակումների, ինչպես նաև հազարավոր մարդկանց մահվան մեջ՝ տեղի ունեցածի «մասշտաբների ուռճացման» պատասխանատվությունը բարդելով արտասահմանյան, այդ թվում՝ սիոնիստական մեդիառեսուրսների վրա։
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով, ընդգրկել երկրի տարբեր բնակավայրեր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։






































