Հայ քաղաքական գործիչների արտահայտման էքստրավագանտ ոճն իդեալականորեն համընկնում է կարճ տեսանյութերի ներկայիս բումի հետ, և դրա արդյունքում քաղաքական ելույթները հաճախ դառնում են մեմերի ու ռիլերի հիմք։ Այսօր լսարանի զգալի մասը լուրերը չի սպառում երկար տեքստերի կամ հեռարձակման միջոցով, այլ՝ 15-30 վայրկյանանոց տեսանյութերի, որտեղ կարևոր են հույզը, ինտոնացիան, ժեստը կամ հաջող ձևակերպված մի արտահայտություն։
Ամենից հաճախ մեմերի են վերածվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները՝ իր կենցաղային համեմատություններով, թևավոր արտահայտություններով, սրտիկներով, թմբուկներով և ընդգծված հուզական ներկայացմամբ։ Սոցցանցերում «վիրուսային» են դարձել նաև քաղաքական այլ գործիչների հայտարարություններից հատվածներ՝ նախկին ղեկավարներից մինչև ընդդիմության ներկայացուցիչներ։ Նրանց խոսքերն ու ժեստերն օգտատերերը վերաիմաստավորում են՝ վերածելով ռիլերի՝ բոլորին ծանոթ, տիպիկ կյանքի իրավիճակների մասին։
1. Հռոմ և Ֆրանկֆուրտ, թե՞ Հրազդան
Կառավարության նիստերից մեկի ընթացքում Փաշինյանը շեշտել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման դրական ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և խոսել Հռոմ, Ֆրանկֆուրտ կամ Բրյուսել մեկնելու հնարավորությունների մասին։ Ավելի ուշ նա մեկ այլ հայտարարություն է արել այն մասին, թե «ինչու են մարդիկ այցելում Միլան, այլ ոչ թե հայկական Հրազդան քաղաք»։ Սոցցանցերի օգտատերերն այս դրվագն անմիջապես վերաիմաստավորել են որպես ամուսնությունից առաջ և հետո տրված խոստումների դասական համեմատություն, երբ սպասելիքներն ու իրականությունը կտրուկ տարբերվում են։
2. «Գետինը մտնելը մարդկային նորմալ բանա»
Խորհրդարանական ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ երբեմն «իրենք գետինն են մտնում», և դա, նրա խոսքով, լիովին բնական մարդկային երևույթ է։ Մեմերում այս արտահայտությունը վերածվել է աշխատանքից ուշանալու տեսարանի, որտեղ դժգոհ տնօրենը հարցնում է․ «Գետինը չե՞ք մտնում»։
3. Ռեստորան և ռաբիզ ժանրի երգեր
Տեսանյութերից մեկում Փաշինյանը նստած է ռեստորանում և լսում է «Դրախտի փերին» երգը։ Համացանցի օգտատերերն այստեղ տեսել ծանոթ իրավիճակ՝ երբ ղեկավարը պարգևավճար է տվել և հիմա ակնկալում է, որ ենթական բառացիորեն կսկսի նրան պաշտել։
4. «Աղբ, կոշիկ և հին կռավաթ»
Մեկ այլ հոլովակում Փաշինյանը դժգոհում է եկեղեցիներում տիրող վիճակից՝ թվարկելով աղբ, հին իրեր, կոշիկներ և նույնիսկ մահճակալ, որոնք երբեմն գտնվում են այնտեղ։ Սոցցանցերում այս հատվածն արագ ստացել է նոր մեկնաբանություն՝ որպես վաղ առավոտյան երեխայի սենյակի դասական նկարագրություն։
5. Հուշագրի ստորագրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հուշագրի ստորագրման կադրերն օգտատերերը վերածել են կենցաղային տեսարանի․ «Էկել եք տատիի անունով հեռախոս փորձեք ապառիկ»։ Լուրջ դիվանագիտական մթնոլորտը մեմում կրկնօրինակում է ամբողջովին առօրյա սյուժեին, և հենց դա էլ աշխատել է։
6. Կիրակի օրն աշխատանքի
Տեսանյութերից մեկում Փաշինյանը դժգոհ դեմքով նստած է համակարգչի առաջ և աշխատում է։ Մեմերում այս կադրը դարձել է այն իրավիճակի խորհրդանիշ, երբ քեզ հանգստյան օրով անսպասելի կանչում են աշխատանքի։
7. Անգլերենը՝ հայկական ակցենտով
Վաշինգտոնում պաշտոնական միջոցառումների ընթացքում Փաշինյանը խոսում է անգլերեն՝ ակցենտով և սխալներով՝ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ։ Օգտատերերը սա համեմատել են այն պահերի հետ, երբ ուսանողը փորձում է համոզել դասախոսին, որ դասը տանն է սովորել, կամ երբ մայրը հյուրերի ներկայությամբ ասում է․ «Տղես, մի բան ասա անգլերեն»։ Պահի անհարմարությունն էլ դարձել է վիրուսայնության բանալին։
8. Մատնահարդարումից առաջ և հետո
Մեկ այլ տեսանյութում Փաշինյանը նստած է դժգոհ ու մռայլ, մյուսում՝ ժպտում է և ձեռքերով սրտիկներ ցույց տալիս։ Մեմերում այս երկու կերպարները միացվել են հայտնի բանաձևի մեջ․ «Դու՝ մինչև մատնահարդարումը» և «Դու՝ մատնահարդարումից հետո»։
9. Սերժ Սարգսյանի դիսերտացիան
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հայերենի իմացության մասին հարցին, սկսում է պատմել իր դիսերտացիայի թեմայի մասին։ Սոցցանցերի օգտատերերը սա տեսել են որպես դասական իրավիճակ, երբ մարդուն մի բան են հարցնում, իսկ նա գնում է լրիվ այլ կողմ՝ օրինակ, երբ ճշտում են, թե ինչ թեմայով ես գրում թեզը։
10. Շփոթված հայացք
Դրվագներից մեկում Փաշինյանն ակնհայտ զարմանքով նայում է իրեն հարց տված լրագրողին։ Այս հայացքն ակնթարթորեն դարձել է մեմ այն իրավիճակի մասին, երբ մայրդ հյուրերի ներկայությամբ քեզ նկատողություն է անում։ Առանց խոսքերի, բայց շատ հասկանալի հույզով։
11. Աշխատանքային օրվա սկիզբը
Մեկ օրվա ընթացքում Փաշինյանը հրապարակում է մի քանի տեսանյութ․ սկզբում՝ ինչպես է կոստյումը կոճկում, հետո՝ ինչպես արդեն նստած է աշխատասենյակում՝ հոգնած ու տխուր դեմքով։ Օգտատերերը սա վերաձևակերպել են որպես համընդհանուր գիծ․ աշխատանքն սկսվում է 08:00-ին, 08:30-ին դու դեռ հավաքվում ես, իսկ 09:00-ին արդեն ամբողջովին հոգնած ես։
12. Զեմֆիրայի երգի ներքո
Տեսանյութերից մեկում Փաշինյանը լուրջ դեմքով նստած է Զեմֆիրայի երգի ներքո, իսկ ֆոնին՝ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի լուսանկարներն են։ Մեմային տարբերակում սա վերածվել է տեսարանի, երբ դու նայում ես մտերիմ ընկերուհուդ սթորիները, որը գնացել է զբոսնելու ինչ-որ մեկի հետ։
13. «Ես չեմ նեղացել»
Փաշինյանի աշխատասենյակից հերթական տեսանյութը՝ դեմքի դժգոհ արտահայտությամբ. օգտատերերն այն վերաձևավորել են երկխոսության տեսքով․
— Չես նեղացե՞լ հաստատ:
— Չէ՛:
— Քո դեմքն ամբողջ օրը:
Մինիմալ սյուժեն և ճանաչելի կենցաղային տրամաբանությունն այս ռիլը դարձրել են ամենաշատ մեջբերվողներից մեկը։






































