ԱՄՆ-ում կալանավորված «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը (հայտնի «Դոգ» մականվամբ-խմբ.) այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից և 2026-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններին կառաջնորդի ԴՕԿ դաշինքը, «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Բաղդասարյանի խոսքով՝ նա ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր: Ըստ փաստաբանի՝ կարգն է այդպիսին․ եթե անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը և լքի երկիրը, հակառակ պարագայում՝ տույժերի կենթարկվի:
«Անկախ նրանից, թե միգրացիոն Վերաքննիչ դատարանն ինչ վճիռ կկայացնի՝ կբավարարի՞ իր բողոքը, թե՞ ոչ, որոշում է կայացրել, որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու և գնա երրորդ երկիր»,- մանրամասնել է փաստաբանը:
Թե որ երկիր է մեկնելու Ղուկասյանը, Բաղդասարյանը փակագծեր չի բացել՝ միայն տեղեկացնելով, որ այս պահին ԴՕԿ ղեկավարը հինգ երկրից հրավեր է ստացել: Այդ երկրները, ըստ փաստաբանի, Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու՝ ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը:
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործի շրջանակներում։ Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
Կարդացեք նաև՝




































