Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ և դրանց շրջանակում ձերբակալվել է 9 անձ:
Մարզային քննչական ստորաբաժանումներում նախաձեռնվել է 43 քրվարույթ, իսկ 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում։
Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատ վարույթները նախաձեռնվել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված, պատժվում է առավելագույնը 6 տարի ժամկետով)՝ 30 դեպք։
Բացի այդ, քվեարկության գաղտնիությունը խախտելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդված պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով) նախաձեռնվել է 17 քրեական վարույթ։
Ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդված պատժվում է առավելագույնը 10 տարի ժամկետով) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ։
Նաև քննվում է 3 քրեական վարույթ, որոնք նախաձեռնվել են ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով)։



































