Ֆրանսիական կառույցներն օգնել են Հայաստանի իշխանություններին նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացնել համացանցային բովանդակության մոնիթորինգ, հայտնել է RTVI-ն՝ հղում անելով ֆրանսիացի դասախոս Ռաֆայել Օկլերի հոդվածին, որը հրապարակվել է Journal du Dimanche պարբերականում։
Օկլերի պնդմամբ՝ VIGINUM ստորաբաժանման համակարգողներն արդյունքում հետևել և արգելափակել են համացանցում այն հայտարարությունները, որոնք հակասում են Երևանի պաշտոնական դիրքորոշմանը։ Հոդվածագիրը նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վնասող տեղեկատվությունն անցել է լրացուցիչ զտիչներով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է նման մեղադրանքները։ Ֆրանսիական առաջնորդի խոսքով՝ խոսքը ոչ թե միջամտության, այլ քաղաքական դիրքորոշման մասին է։
Ինչպես նկատում է հոդվածի հեղինակը, 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է լրագրողների իրավունքների խախտման 224 դեպք՝ նախորդ տարվա 208-ի համեմատ։ Բացի այդ, ըստ նրա տվյալների, Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղից իջել է 50-րդ հորիզոնական։
Մայիսին Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Կողմերը նաև մտադրությունների նամակ են փոխանակել արհեստական բանականության, կիբերանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Հունիսի 7-ին Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 16 կուսակցություն և երկու դաշինք։
Եզրափակելով՝ Օկլերը վստահեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը մեծապես կախված են ընդդիմության մասնատվածությունից։ Նրա կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի միավորումը միասնական ծրագրի շուրջ կարող էր հանգեցնել իշխանափոխության և երկրի արտաքին քաղաքական կուրսի վերանայման։
Հոդվածի հեղինակը նաև հայտարարել է հայաստանյան նախընտրական քարոզարշավին արտաքին խաղացողների միջամտության մասին։ Նրա գնահատմամբ՝ վերջին շաբաթներին նման փորձերն արվել են բացահայտ և մշտական հիմունքներով։
Օկլերն առանձնակի ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 11-ի հայտարարությանը։ Ըստ հոդվածագրի՝ ադրբեջանական առաջնորդի խոսքերն այն մասին, որ այլ քաղաքական ուժերի իշխանության գալու դեպքում «հայ ժողովուրդը կտուժի», ուղղված էին Հայաստանի ընտրական գործընթացի մասնակիցներին և կարող էին ընկալվել որպես ճնշում ընտրողների վրա։



































