Իրանի դեմ գործողությունը գրեթե 50 միլիարդ դոլար է արժեցել ԱՄՆ-ի համար, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում է Պենտագոնի հրապարակային գնահատականին, հայտնել է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում լսումների ժամանակ Պենտագոնի պաշտոնյաներն «Էպիկական կատաղություն» գործողության արժեքը գնահատել էին շուրջ 25 միլիարդ դոլար, որը ներառում էր միայն զինամթերքի արժեքը, նշել են աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնն այս շաբաթ ցուցմունք էին տվել օրենսդիրների առջև՝ պաշտպանելով Պենտագոնի հսկայական՝ 1,5 տրիլիոն դոլարի բյուջետային հայտը։
Ներքին գնահատականներին ծանոթ ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ ռազմական գործողության ներկայիս արժեքը մոտենում է 50 միլիարդ դոլարին։ Այս թիվը ներառում է ոչ միայն սպառված զինամթերքի արժեքը, այլև վնասված կամ ոչնչացված ռազմական տեխնիկայի և տարբեր օբյեկտների վնասը։
Պենտագոնի ժամանակավոր վերահսկիչ Ջուլս Հերսթը հինգշաբթի օրը Սենատի զինված ուժերի կոմիտեին ասել էր, որ տարածաշրջանում վնասի և վերականգնման ծախսերի արժեքը դժվար է գնահատել։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:


























