Եմենի հարավային Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ անհետ կորել, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ նավը շրջվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում՝ ուժեղ քամու պատճառով։
«Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ տեղում գտնվող խմբերը ավելի քան 20 դիակ են հայտնաբերել... Տասնյակ ներգաղթյալներ դեռևս անհետ կորած են համարվում», - ասված է հաղորդագրության մեջ։
«Սինհուա» գործակալությունն էլ հայտնել է, որ 12 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Աբյան նահանգի անվտանգության վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ անվտանգության ուժերը գործողություն են իրականացնում Եմեն մուտք գործել փորձող եթովպական ծագում ունեցող մեծ թվով անօրինական ներգաղթյալների դիերը դուրս բերելու համար։





































