Մի խումբ իրավապաշտպաններ և քաղհասարակության ներկայացուցիչներ դատապարտել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան, որն այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։
Հասարակական գործիչները պաշտոնական Երևանից հստակ պարզաբանում են պահանջել, թե ինչո՞ւ է նա հրավիրվել համաժողովին։ Նրանք պահանջել են անհապաղ չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը:
Օլիֆանտը, հանդիսանալով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ապրիլի 7-10-ը որպես խոսնակ մասնակցել էր ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։
«Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են՝ խստորեն դատապարտելու նման անձանց այցն էթնիկ զտումների ենթարկված Արցախ և, առավել ևս, նման միջոցառումների անցկացումն այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երևան՝ լուռ ընդունելով և ողջունելով նման այցերի թույլատրելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունն ստորագրել են «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, փաստաբան Արա Ղազարյանը, իրավապաշտպան Արփի Ավետիսյանը, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի» ղեկավար Արման Թաթոյանը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, , «Հայ իրավական պաշտպանության ճակատ» հիմնադիր Գառնիկ Քերքոնեանը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը մայիսի 26-27-ը կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը։ Մասնակիցների թվում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ռուպա Հուկը և քաղաքական այլ գործիչներ։