ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Արցախում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան:
«Ադրբեջանում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են ՀՀ»,- գրել է Թորոսյանը Ֆեյսբուքում։
Տեղափոխված քաղաքացիներից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտության, ավելի ուշ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 քաղաքացիներին դիմավորելու: Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության», - գրել է նա Ֆեյսբուքում:
Ավանեսյանի խոսքով՝ 10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:
Ըստ էության՝ Թորոսյանի գրառմամբ առաջին անգամն է, սակայն, որ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ պաշտոնական մակարդակով որպես տեղանուն օգտագործվում է Ադրբեջանը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Արցախում եզակի հայեր էին մնացել, նրանցից մեկին էլ՝ Կարեն Ավանեսյանին, Բաքուն մեղադրանք էր առաջադրել:
Նյութը թարմացվել է 17:59






































