Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուին հեռախոսազրույցով ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունները, հայտնել են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: ԱԽ քարտուղարը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից:
«Շոյգուն, իր հերթին, ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը»,- տեղեկացրել են գրասենյակից։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան
























