«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, քաղաքական ուժի համագումարից առաջ լրագրողներին հայտնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սակայն թե ով է վարչապետի թեկնածուն, Սուրենյանցը չի տեղեկացրել:
Համագումարի ժամանակ ներկայացվելու է «Առաջարկ Հայաստան» ծրագիրը, որի շուրջ միավորվում են ԲՀԿ-ն ու «Դեմոկրատական այլընտրանքը»՝ մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություներին:
Սուրենյանցը վստահեցրել է՝ իրենք ընտրություններին գնում են հաղթելու նպատակով:
Հարցին, թե քաղաքական ուժերից ո՞ւմ հետ չեն համագործակցի, նա պատասխանել է. «Բացառում ենք ՔՊ-ի («Քաղաքացիական պայմանագիր»-խմբ.) և իր արբանյակների հետ համագործակցությունը»։
Սուրենյանցի համոզմամբ՝ այս պահին քաղաքական դաշտում արդեն տեսանելի են առնվազն երեք խոշոր կոնսոլիդացիաներ։ Նա նաև վստահ է, որ 2021 թվականի ընտրությունների սցենարը չի կրկնվի, ինչի պատճառներից մեկն էլ համարում է այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն զգալիորեն կորցրել են իրենց վարկանիշը: Մյուս պատճառն այն է, որ խոշոր ընդդիմադիր կոնսոլիդացիաներն «այս անգամ շատ ավելի պատրաստված են մասնակցում ընտրություններին»։
Այսօր իրենց ընտրական ցուցակների առաջին համարներին էին ներկայացրել նաև «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները:

























