Սահմանամերձ գյուղերում փաստացի չբնակվող անձինք բնակարանաշինության պետական աջակցությամբ ամառանոցներ են կառուցել այնտեղ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Իջևան համայնքի Բերքաբեր գյուղում այդ ծրագրով 16 կամ 21 միլիոն դրամ վարկ ստանալով՝ 101 առանձնատուն են կառուցում, որից արդեն կառուցվել է 15-ը, բնակելի վիճակում է 5-ը, իսկ նորակառույց տներից մեկում արդեն փաստացի բնակվում են։ Սակայն 15-20 տուն պատկանում է ոչ թե բերքաբերցիներին, այլ ՀՀ մյուս բնակավայրերի բնակիչներին, նշել է լրատվականը։
Թերթի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Սարիգյուղում կառուցված առանձնատներից 5-ի տանտերերը երևանցիներ են։
Կիրանցում նույնպես այդպիսի 7 տուն կա, որոնց մասին տեղացիներն ասում են «բանկիրների տուն», քանի որ պատկանում են ծրագրում ընդգրկված բանկերի աշխատակիցներին։
Նման դեպքեր են արձանագրվել նաև Կողբում, Ոսկեպարում և այլ գյուղերում։
2023 թվականի մայիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ սահմանամերձ համայնքների այն բնակիչները, ովքեր կկառուցեն բնակարան, պետությունը բանկին կմիջնորդի, որ քաղաքացին 16 միլիոն դրամ վարկ ստանա, բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսները կվճարի պետությունը:





































