Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումների մասին մեղադրանքները։ Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեները չհաշվարկելը վերագրել է «մարդկային գործոնին»՝ նշելով, որ բարձրաձայնված բոլոր խախտումներն ուսումնասիրվում են։
Պատասխանելով լայնածավալ խախտումների մասին ընդդիմության մեղադրանքների վերաբերյալ հարցին՝ Հովակիմյանը կոչ է արել բողոքներ ներկայացնել՝ խոստանալով ստուգել բոլոր տվյալները և վերահաշվարկ իրականացնել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բացատրել է, որ արդեն ներկայացված բողոքները վերաբերում են վերահաշվարկին և ընտրատեղամասերում առկա խնդիրներին։
Նա նաև հերքել է Երևանի քվեարկության արդյունքների հրապարակման ուշացման մասին մեղադրանքները։ Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր կուսակցության հաղթանակի մասին ձայների հաշվարկի գիշերն արված հայտարարությունը՝ Հովակիմյանը նշել է, որ քաղաքական գործիչներն «ազատ են հայտարարել՝ ինչ ցանկանում են»։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերն ընտրությունների արդյունքների մասին տեղեկանում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մոտավորապես երեք ժամ առաջ, քանի որ ընտրատեղամասերում հաշվարկի ավարտից անմիջապես հետո վստահված անձինք տվյալները ներկայացնում են իրենց շտաբեր։
Հովակիմյանը հայտարարել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին: Մինչ այդ որոշ ընտրատեղամասերում հնարավոր է վերահաշվարկ իրականացվի, և բոլոր բողոքները կքննվեն: Եթե Սահմանադրական դատարան դիմում չներկայացվի, մանդատների բաշխման գործընթացը կսկսվի հունիսի 14-ից հետո, իսկ նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նաև բացատրել է, որ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը չի ազդի նոր խորհրդարանի աշխատանքի վրա և չի հանգեցնի մանդատների փոխանցմանը քաղաքական այլ ուժերի:
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ընտրությունները «խայտառակ» էր անվանել և հայտարարել, որ հունիսի 8-ի գիշերն իշխանությունները կասեցրել էին ձայների հաշվարկը՝ իշխող կուսակցության արդյունքների նվազման պատճառով։
Ընտրության արդյունքները վիճարկելու մտադրության մասին հայտարարել էին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։ ԲՀԿ-ն հայտնել էր ձայների «գողության» մասին։




































